Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Բաքուն ու Երևանը շարժվում են փակ շրջանակով

Բաքուն ու Երևանը շարժվում են փակ շրջանակով
09.11.2017 | 23:19

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբեր Սեկուտան ասել է.«Ես վերջերս Վաշինգտոնում էի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ Էնդրյու Շեֆերի հետ քննարկել եմ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման առաջընթացի հնարավոր քայլերը: Կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար մենք շարունակում ենք օգնել առաջատար երկրների ղեկավարներին: ԱՄՆ-ում նոր վարչակազմի իշխանության գալուց հետո ընդունվել են որոշումներ, թե ինչ ձևով պետք է այդ գործընթացը շարունակել: Նաև նոր համանախագահ է նշանակվել: Մենք շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել»: Խոսելով Ժնևում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպման մասին` դեսպանը նշել է, որ դա շատ դրական քայլ էր և այդ քայլերը պետք է շարունակվեն. «Համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ: Աշխատանք է տարվում ԱԳ նախարարների հանդիպման համար և շարունակվում է գործընթացն առաջ տանելու աշխատանքը` կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հասնելու համար»: Ռոբեր Սեկուտայի այս հայտարարությունը ադրբեջանական շատ լրատվամիջոցներ, և ոչ միայն նրանք, գնահատում են «Դոնալդ Թրամփի վարչակազմը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ որոշում է ընդունել» կատեգորիայում: Իրոք, դեսպանը չի թաքցնում, որ Սպիտակ տանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափի հարցը: Բայց նա չի պատմել` ի՞նչ ուղղությամբ է եղել քննարկումը:


Այս դեպքում երկու սցենար կա: Առաջինը` 2016-ի ապրիլյան պատերազմից հետո հնարավորություն հայտնվեց բանակցային ձևաչափը փոխել` Ստեփանակերտը ներառելով: Իրադարձությունների այդ ընթացքը ենթադրում էր Բաքվի ու Երևանի համաձայնությունը, որին հազիվ թե դեմ լինեին Մինսկի խմբի համանախագահները: Թեկուզ այն պատճառով, որ եթե Բաքուն ընդունի Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, որ նախատեսում են շփման գծում վերահսկողության համակարգի և միջազգային դիտորդների տեղակայում, այդ գործընթացում Ստեփանակերտի մասնակցությունը նույնիսկ տեխնիկական մակարդակով անխուսափելի է: Սակայն հրապարակավ Ադրբեջանն ու Հայաստանը, հանդես գալով Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ հակառակ հայտարարություններով, Ստեփանակերտի մասնակցության թեմայից հետևողականորեն խուսափում են: Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելում են Ստեփանակերտ, որ կարելի է ընկալել իբրև Ստեփանակերտի կողմնակի մասնակցություն բանակցություններին:
Երկրորդ սցենարը` Բաքուն կտրուկ քննադատում է Մինսկի խմբի գործունեությունը, համանախագահներին անվանում է «հյուրախաղերով հանդես եկողներ, որ չեն կարող նշանակալից հաջողություններ ունենալ խաղաղ կարգավորման գործում»: Ավելին: Երբ Երևանը դարձավ ՀԱՊԿ անդամ, Բաքուն սկսեց հայտարարել, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և կորցնում է հավասարահեռ միջնորդի կարգավիճակը: Ադրբեջանը նաև Ֆրանսիային է համարում «հայամետ» կողմ, վստահեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցում Փարիզի քաղաքականությունը բացառապես հայկական լոբբին է որոշում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս ուներ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ դիրքորոշում կունենա, հաշվի առնելով Բաքվի դերը Ռուսաստանը շրջանցող էներգետիկ ու տրանսպորտային հաղորդակցուղիների մեջ: Բայց դա տեղի չի ունենում և հազիվ թե առաջիկայում տեղի ունենա: Այնուհանդերձ, բաքվեցի քաղաքագետ, The Great Middle East նախագծի ղեկավար Ալի Հաջիզադեն հաստատում է, որ Ադրբեջանը նախկինի պես համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իրեն լիովին սպառել է և Բաքուն պետք է հասնի. ա) կամ համանախագահների թվի մեծացման` ներառելով Թուրքիային (իբրև Ադրբեջանի դաշնակից) և Մեծ Բրիտանիային (իբրև մեծ ու համարժեք եվրոպական տերություն)` Ֆրանսիայի պարտադիր հեռացումով, բ) կամ հրաժարում ԵԱՀԿ-ից ու համանախագահների ձևաչափից` ղարաբաղյան հարցը ՄԱԿ-ի հովանու տակ վերադարձնելով: Տեսականորեն կարելի է ենթադրել Թուրքիայի կարգավիճակի բարձրացում Մինսկի խմբում համանախագահի մակարդակի, բայց միայն 2009-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացումից հետո, որ նախատեսում են Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում և սահմանների բացում: Բայց հիմա դա անհնար է, թեպետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Մոսկվա այցի ընթացքում Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ղարաբաղյան կարգավորումը: Քննարկել, իհարկե, կարելի է, բայց հակամարտող կողմերին առաջարկել նրանց ձեռնտու որևէ նախագիծ Անկարան չի կարող` կաշկանդված լինելով Մերձավոր Արևելքի իրադարձություններով: Եթե գնահատենք ղարաբաղյան հարցի վերադարձը ՄԱԿ-ի հովանու ներքո, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են և հազիվ թե ձգտեն գոյություն ունեցող ձևաչափի փոփոխության: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը դա ևս մեկ անգամ հաստատում է: Ստատուս քվոն կոնֆլիկտի գոտում մնում է նույնը, որ հաստատեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Շվեդիա իր պաշտոնական այցի ժամանակ: Ահա ինչու կայուն տպավորություն է ձևավորվում, որ Բաքուն ու Երևանը բանակցային գործընթացում շարժվում են փակ շրջանակում` մեկ տարբեր կողմեր գնալով ու ինտրիգային հայտարարություններ անելով, մեկ հանդիպելով Մինսկի խմբի նույն կետում:


Դեսպան Ռոբեր Սեկուտայի հայտարարությունից հետո սպառվում են Բաքվի սպասումները, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը, ի տարբերություն նախորդի, ավելի նախաձեռնող կլինի ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում: Վաշինգտոնի դիրքորոշումը չի փոխվել, Բաքվին ու Երևանին նախկինի պես առաջարկվում է ընդունել բազային կետերը մեկ փաթեթով: Այս փուլում Մոսկվան դրան համաձայն է: Առաջիկայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստան: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են կազմակերպել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում մինչև տարեվերջ, իսկ մինչ այդ նախարարների հետ առանձին հանդիպումներ կունենան: Հիմա ՌԴ համանախագահը ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահների հետ տեղն ու ժամկետն են որոշում: Իհարկե, կողմերը, բացի իրենց փոխհարաբերություններից, կանգ կառնեն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հեռանկարների վրա: Գուցե գործն առաջ գնա` բանակցություններն այդ ուղղությամբ նկատելիորեն ակտիվացել են: Կարգավորման ինչ-որ նոր սխեմա է ծնվում, եթե, իհարկե, շարժումը նորից չհայտնվի փակ շրջանակում:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Եվ որտեղի՞ց է այդ սխեման ծնվում: Կամ կա տեղեկատվություն, որ չի բարձրաձայնվում, կամ` արվում են անհիմն ենթադրություններ: Ինչու՞ պիտի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխվի` ներառելով Թուրքիային ու Ֆրանսիայի փոխարեն` Մեծ Բրիտանիային: Որովհետև Բաքում Բրիթիշ Պետրոլեումի հետ նավթային կապերը քաղաքական կապիտալի վերածելու հույս ունի՞: Ինչու՞ պիտի Փարիզը հրաժարվի համանախագահությունից, երբ մշտապես պահպանել է կողմերից հավասարահեռության սկզբունքը: Երբ նույնիսկ 1915-ի ապրիլի 24-ը Երևանում անցկացրած նախագահ Ֆրանսուա Օլանդը հաջորդ օրը մեկնել է Անկարա: Ի՞նչ կապ ունեն Ցյուրիխի արձանագրությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Այն կապը, որ տեսնում է Բաքու՞ն: Ի՞նչ տրամաբանությամբ, թեկուզ զուտ տեսականորեն, կարելի է ենթադրել, որ Թուրքիան կարող է Մինսկի խմբի համանախագահ դառնալ 2009-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացումից հետո: Դա՞ է նոր առաջարկը` Երևանը, որ միշտ դեմ է եղել Թուրքիայի ՄԽ համանախագահ դառնալուն, համաձայնում է` փոխարենը ստանալով Ցյուրիխյան ստորագրված արձանագրություններ ու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում, սահմանների բացում: Բայց Երևանը նաև հայտարարել է, որ պատրաստ է հարցի քննարկմանը առանց նախապայմանների, իսկ դա արդեն շատ հիմնավոր ու անընդունելի նախապայման է: Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարող է Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ղարաբաղյան խնդրի կարգավորումը որքան սիրտը տա, բայց ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխման վերաբերյալ կամ էլ հարցը ՄԱԿ վերադարձնելու, որտեղ Բաքուն նորից առաջ է քաշելու իր 4 բանաձևերի հարցը: Իրականում կարգավորման նոր սխեմա չկա, կա հին սխեմաների մեջ նոր շահեր խցկելու փորձ, որոնք Հայաստանին ու Արցախին չեն տալիս ոչինչ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2479

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ